ԹՈԿԸ ԿՔԱՇԵՄ
Մի խեղճ մարդ աշխատում էր մի անգութ հարուստի տանը: Յոթ տարի աշխատում է էս մարդը, բայց չար աղան ոչ մի կոպեկ վարձ չի տալիս: Նոքյարն ինչքան աղաչում է, չի լսում:
- Չեմ տա ու չեմ տա, - ասում է տերը, - հացս կերել ես ու հիմա էլ հախ ե՞ս ուզում:
Էս նոքյարս լուռ է մնում: Անցնում են օրեր: Մի օր Աղան իր տունը հյուր է հրավիրում մի ուրիշ հարուստի, որն իր առևտուրը վնասում էր: Ուտել-խմելուց հետո թուրը քաշում է և հյուրին սպանում: Հյուրին սպանելուց հետո դնում է մի մեշոկի մեջ և ծառային հրամայում, թե` տար, ջուրը գցի: Ծառան մտածում է. «Թե կարողանամ յոթ տարվա հախս ստանամ, էս մոմենտին եմ ստանալու, թե չէ ու չէ»: Վերցնում է մեշոկը, շալակում և գնում դեպի գետը: Մեշոկի բերանից մի հաստ պարան է կապում: Մեշոկը կախում գետը, իսկ պարանի ծայրը կապում մոտիկ ծառից, վերադառնում է տուն և ասում. - Աղա´, տո´ւր յոթ տարվա վարձս, գնամ:
- Վարձ-մարձ չկա´, - պատասխանում է աղան:
- Աղա´, տուր թե չէ կգնամ, թոկը կքաշեմ:
- Էդ ի՞նչ թոկի մասին ես խոսում, գյադա´:
- Գնանք գետի ափը, քեզ ցույց կտամ:
Գնում են: Ծառան քաշում է թոկը և մեշոկը դուրս է գալիս: Աղայի լեղին ջուր է դառնում փորումը, մեկ ուզում է ինքը կտրի թոկը, մեկ էլ տեսնում է ծառայի ահռելի բազուկներն ու սարսափում: Փողը տալիս է ծառային, թե` թոկը կտրի: Երբ օխտը տարվա վարձն առնում է ծառան, թոկը կտրում է և մեռելը գետը տանում:
Մյուս օրը Ծառան գնում է նույն խազեինի մոտ, թե. - Աղա´, ծառա չե՞ս ընդունիլ ինձ:
- Չէ´, սիրելի´ս, մեկ անգամ թոկը քաշեցիր, օխտը տարվա վարձդ առար, մի անգամ էլ կքաշես` հոգիս կառնես:
1939
Մանրապատումներ
Ասացող՝
Ա. Չոփղունց
Գրառող՝
Ս. Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Սյունիք