top of page

ՄԵՆԱԿՅԱՑՆ ՈՒ ՔԱՄԻՆ

Մի մենակյաց քառասուն տարի մի տեղ ճգնված է լինում և ապրում իր համար: Մի օր էլ դուրս է գալիս իր քարանձավի բակն ու ինքն իրենով պարծենում, թե ես այլևս վախ չունեմ ոչնչից, բացի Աստծուց: Հանկարծ նա տեսնում է, որ իր առաջ խաղում է մի թեթև պտտահողմ: Նա զարմանքով տեսնում է, որ պտտահողմը լեզու առավ և սկսեց խոսել:

- Ո~վ մարդ, ասաց քամին, - դու ասում ես, որ մենակ Աստծուց վախ ունես, իսկ ուրիշ բանից չունե՞ս:

-Ո´չ, քամի´, միայն Աստծուց ունեմ, - պատասխանում է Մենակյացը:

-Լա´վ, - ասում է քամին և թռչում ուրիշ տեղեր:

Մյուս առավոտը մենակյացը քաղաք է իջնում այն մտադրությամբ, որ վերջին անգամ տեսնի քաղաքն ու ետ` դեպի իր քարանձավը վերադառնա: Մի մսագործի խանութի առաջ կանգնում է ու դիտում ներսը: Մսագործը սրա աղքատ ու պատռոտված հագուստներից եզրակացնում է, որ սա մուրացկան է ու ոչխարի մի գլուխ ու ոտներ է տալիս Մենակեցին: Սա ոտներն ու գլուխն առնում է այն մտադրությամբ, որ մի աղքատ կպատահի և կտա նրան: Սակայն մինչև իր անձավը գալը ոչ մի աղքատ չի պատահում և ստիպված ոտքերն ու գլուխը ձեռքին մտնում է իր բնակարանը:

Մյուս առավոտը, երբ գնում է մոտակա առվից ջուր բերելու, գալիս տեսնում է իր քարանձավի առաջ արքայական զինվորներ, ամենը ձիեր հեծած, նրան են ման գալիս: Մենակյացին իսկույն ձերբակալում են, ձեռքերը կապում ու քշում թագավորի մոտ:

Դու մի ասիր, հենց էդ գիշեր թագավորի ավագ գանձապահի գլուխը կտրել են ու գանձերը տարել, և թագավորը հրամայել է գտնել իր հավատարիմ գանձապահի գլուխը: Ման գալով եկել են Մենակյացի քարանձավում գտել գանձապահի գլուխը:

Մարդասպանին տանում են թագավորի մոտ: Թագավորը սպառնագին հարց ու փորձ է անում, թե դու ինչ մարդ ես, և ինչպես ես սպանել գանձապահին, այժմ որտեղ են գանձերը: Մենակյացն ընկնում է թագավորի ոտները, աղաչում, պաղատում, թե ես մի խեղճ ճգնավոր եմ և ոչ թե մարդասպան:

Թագավորը հրամայում է բերել և ցույց տալ գանձապահի գլուխը: Կից սենյակից, որտեղ լինում են միայն գլխատված մարդկանց գլուխները, դուրս են հանում գանձապահի գլուխն ու զորապետը հայտնում է թագավորին, որ այս գտել ենք այս Մենակեցի քարանձավում, որ դա ոչ թե մենակյաց է, այլ մի սոսկալի չարագործ-ավազակ:

Մենակեցը դարձյալ աղաչում-պաղատում է, որ ինքը չի արել այդ: Թագավորը հրամայում է բանտ դնել, որ առավոտը պիտի դրան գլխատեն: Մենակեցին բանտ են տանում: Ճանապարհին երևում է նույն քամին: Դեռ քամին չտեսած` ճգնավորը մրմնջում է. «Ո~վ Աստված, քո խոնարհ ծառան եմ, միայն դու կարող ես ինձ փրկել»:

-Ո´չ, միայն ես կարող եմ քեզ փրկել, - ասում է պտտաքամին:

Մենակյացը ճանաչում է իր վաղեմի հողմը և լուռ գնում: Հողմը թռչում է ուրիշ տեղ:

Առավոտ, մինչև գլխատելը, թագավորն իր մոտ է կանչում մարդասպանին` վերջին քննության: Եվ այստեղ Մենակյացը աղերսագին պատմում է, որ ինքը մի ոչխարի գլուխ ու ոտներ է ունեցել, որն իրեն է տվել մսագործը և մանրամասն հայտնում է գլխի նշանները: Թագավորը հրամայում է բերել գանձապահի գլուխը: Բերում են, դուրս է գալիս ոչխարի գլուխ` Մենակյացի հայտնած նշաններով:

Հենց այդ ժամանակ ներս է մտնում մունետիկը և հայտնում.

- Տե´ր թագավոր, գտնված է գանձապահի գլուխն ու ողջ գանձերը, և չարագործին բերում են:

Մենակյացին նվերներով ազատում են:

Սա ոտները քաշ տալով իր բնակարանի դուռն է հասնում և մի քարի նստում մրմնջալով. «Տեր Աստված, ու՞ր մնաց քո զորությունը, հիմա քեզնի՞ց վախենամ, թե այդ գիժ հողմից»:

1938

Հեքիաթներ

Ասացող՝

Հարություն Մարտյան

Գրառող՝

Սերո Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջանի Քարաշեն գյուղ/ՀԱԻԲԱ FF II 4922-4927

bottom of page