top of page

ԿԱՔԱՎԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ

Մի անգամ աղվեսը տեսնում է մի կաքավի, որ թառած քարին թևի տակն է կտցում, ասում է. – Կաքա´վ քույրիկ, էն օրը մեզ մոտ մեծ ժողով էր, բոլոր կենդանիներից էլ կային, բոլորը միաբերան ասացին, որ կաքավը շատ լավ շորորալ ու երգել գիտե, դե մին շորորա տեսնեմ` ճի՞շտ են ասում:

Կաքավը սկսեց շորորալ կանաչ խոտերի վրա: Այդ ժամանակ աղվեսը հափ արավ ու բռնեց կաքավին:

Կաքավն աղվեսի բերանից այսպես խոսեց. - Եղբա´յր աղվես, էն օրը մեր բոլոր թռչունների մոտ մեծ ժողով էր, բոլորը միաբերան ասացին, որ աղվեսը շատ աստվածապաշտ և աղոթասեր է, ճաշից առաջ նախ աղոթում է Աստծուն, որ իրեն ճաշ է տվել, որպես շնորհակալություն, հետո ուտում, մի աղոթիր տեսնեմ ճի՞շտ են ասում:

Աղվեսը բերանը բաց արավ, որ աղոթի, կաքավը թռավ:

Աղվեսը դառնացած վնգստաց ու կաղկանձելով ասաց. - Ախր ո՞վ ասաց` ուտելուց առաջ շնորհակալություն հայտնիր, նախ կե´ր, հետո աղոթիր կամ շնորհակալություն ասա:

1938

Հեքիաթներ

Ասացող՝

Աշուղ Աթա

Գրառող՝

Սերո Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջանի Քարաշեն գյուղ

bottom of page