top of page

ԱՅԳԵՊԱՆԸ, ԻՐ ՈՐԴԻՆ ՈՒ ՕՁԸ

Մի այգեպան այգում նստած ճաշում էր և հետն էլ կաթ խմում: Հանկարծ այգին ապրանք է մտնում և նա կաթով կիսատ բաժակը թողնում է ու գնում օտար անասունը դուրս անելու համար: Երբ վերադառնում է, տեսնում է մի սիրուն օձ գլուխը մոտակա կաշկառից երկարացրած` բաժակի կիսատ կաթը խմում է: Այգեպանն ուզում է օձին սպանի, բայց մեկ էլ համբերում է, որ օձը կաթը խմի հետո: Երբ օձը կաթը խմում է, մի ոսկի է գցում բաժակն ու իր կաշկառը քաշվում: Էս որ տեսնում է այգեպանը, շատ է զարմանում, և ամեն օր կաթ է դնում օձի բնի առաջ, օձը խմում է և մի ոսկի գցում բաժակը: Այսպիսով օձն ու այգեպանը սիրով բարեկամություն են անում և օձը, որպես տանու հեյվան, ազատ այգում ման է գալիս:

Այգեպանը շատ է հարստանում, բայց այդ գաղտնիքը չի հայտնում ոչ ոքի:

Մի օր էլ հիվանդանում է ու անկողին ընկնում: Նրա մինուճար տղան գալիս է, որ այգին ջրի, տեսնում է մի խումբ օձեր այգում արևի տակ տաքանում են: Մարդ տեսնելուց բոլոր օձերը փախչում են, իսկ այգեպանի բարեկամ օձը մնում է իր համար ման գալու: Տղան բահը քաշում է և օձի պոչը կտրում` իմանալով, թե օձը կսատկի: Աշխատանքից հոգնած պառկում է մի խնձորենու շվաքում ու քնում: Օձը գալիս է և թունավորում իր բարեկամ այգեպանի որդուն: Այգեպանը, երբ տեսնում է, որ որդին չեկավ, վեր է կենում ու մի կերպ գալիս այգին, տեսնում է տղան մեռած, իսկ իր բարեկամ օձը բնի մոտ` պոչի կտորը ընկած: Իսկույն ճանաչում է, որ դա իր օձի պոչն է: Արտասվելով տանում է և թաղում որդուն:

Անցնում է մի քանի օր: Այս մարդը որոշում է, որ գնա գտնի իր օձին: Գնում է, գնում և մի օր էլ մի օտար այգում մի կաշկառի մոտ գտնում է իր օձին: Օձը տիրոջն է ճանաչում, տերը` օձին:

Այգեպանն ուրախացած ասում է. - Եղբայր օձ, ինչու՞ չես գալիս մեր բարեկամությունը շարունակենք:

- Ինչպե՞ս շարունակենք, - պատասխանում է օձը, - քանի որ ես իմ պոչն եմ հիշելու կսկծամ, իսկ դու էլ քո մեռած որդուն ես հիշելու ու վշտանաս:

1938

Հեքիաթներ

Ասացող՝

Աշուղ Աթա

Գրառող՝

Սերո Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջան, Քարաշեն գյուղ

bottom of page