ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ
Ստեփանոսը սյունն էր երկնքի և խարիսխը` հավատքի, սուրբ եկեղեցու անխախտելի վեմն ու անվախ պաշտպանը, մարդն էր երկնային և հրեշտակը` երկրային, հավիտյան մեռածը և միշտ կենդանին, հրեշտակներին հիացնողը և քերովբեներին զարմացնողը, որի գովչությունների փունջը իմ տհաս ու թերավարժ միտքը խոսքերով չպիտի աղավաղի, այլ միայն զրույցներին պիտի ապավինի: Սա Հայաստանի մեծ մայրաքաղաք Դվինի ավագ քահանայի որդին էր: Դաստիարակվում և ուսմամբ զարգանում էր հայոց կաթողիկոսարանում:
Եվ որոշ տարիներ անց, երբ ներքուստ գործնականապես բավարարվեց, այլևս պատշաճ չհամարեց անգիտության խավարի տակ մնալ, այլ ձգտում էր հասնել աստվածային իմաստնական գիտության և կրթության, քանի որ նպաատակահարմար չէր երկրագործության ակոսը միակողմանի լծով քաշել, այլ լծվել երկուսին, այսիքն` տեսականին և գործնականին, որպեսզի ամբողջը պատշաճավոր լիներ: Դրա համար դուրս գալով այն մենաստանից` շտապով դիմում է դեպի գիտությունների աղբյուրը` Սյունյաց վարդապետարանը, որը Հայաստանի բոլոր գիտունների գլխավոր տեղն էր, որտեղ գտնվող դպրոցները ծաղկած էին: Չէ՞ որ ինչպես աթենական դպրոցներն էին հռոմեականների ու հունականների մեջ փարթամացած և գիտությունների մայր հռչակված իսպանացիների աշխարհում` լատինական ու հունական դպրությամբմ այսպես էլ սրանք` Թորգոմյան տանը` մեր Հայոց աշխարհում:
Իսկ երանելի Ստեփանոսը եպիսկոպոսության պաշտոնում մնաց մեկ տարի, որը ոմանք ութ տարի են ասում: Նա ամառը շրջում էր իր իշխանության ընդարձակ վիճակի տասներկու գավառներում և քարոզում ճշմարիտ գաղափարները: Հոգևոր ծառայության անհրաժեշտությամբ եղավ նաև Եղեգյաց ձորի բարեբեր գավառում, Մոզ ավանում, որտեղ բնակվում էր մի անբարոյական կին` համակված հիմար ախտով: Եպիսկոպոսը նրան մինչ այդ երեք անգամ զգուշացրել էր ըստ տիրոջ հրամանի, բայց նա չէր զղջացել: Այդ պատճառով այլևս անգամ սուրբը սաստիկ զայրանում է և մեծ պատժի վճիռ կայացնում: Սաստիկ շոգի պատճառով ինքը դուրս է գալիս գյուղից ու գնում Ավագ ակն կոչված քաղցրահամ աղբյուրի ակունքում զովանալու: Կարգադրում է իր վրանը խփել, ինքն էլ հանգստանալու մահիճը դնում է մի ուռենու վրա: Եվ առանձին ելնելով ու երկար ժամանակ աղոթելով` ննջում է այնտեղ: Իսկ անպատկառ կինը, ցանկության կատաղի բովից դրդված, հետը վերցնում է իր սիրեկանին, գալիս է սպանելու սրբին, որ իրենք համարձակ գործեն: Մոտենալով ծառին` սիրեկանին բարձրացնում է վեր, սուրը տալիս ձեռքը, որ սրբին սպանի: Մարդը բարձրանալով տեսնում է, որ սուրբը քնած է, և շունչը բոցի նման վեր է ցոլանում ու ճախր առնելով կրկին իջնում է. միի հրեշտակ էլ կանգնած նրա գլխավերևում, թևերով հով էր անում: Այդ տեսնելով` մարդը կարկամում է, թուլանում. Նրա մարմնի ամբողջ կազմվածքը ցնցվում է. նա մեծ սոսկումով դողում է: Եվ այնքան է ուշքի գալիս, որ մի կերպ իջնում է ծառից ու պատմում կնոջը: Կինը նրան կրկին հորդորում է պոռնկական քաղցր-մեղցր խոսքերով դրդում և քաջալերում է ու նորից ուղարկում: Եվ նա առաջինից ավել հրաշափառ տեսարան է տեսնում ու դարձյալ սաստկապես թուլանում, անզգա մարմնով, մեռելի նման ընկնում է ծառից: Ապա կինը, մարդուն տեսնելովխիստ պատուհասի մեջ ընկած, զղջալու փոխարեն առավել ևս չարանում է, և, սրված սատանայից, վերցնում մերկացած սուրը ու բարձրանում ծառը, սուրը խփելով սրբի փորին` անբիծ արյունը թափում է փայտե մահճի վրա, ինչպես իր տիրոջ արյունը մահվան փայտեղեն սարքի վրա` աստվածային օրենքների նկատմամբ (աստված) սաստիկ նախանձի պատճառով: (Սա հիշեցնում է) Հեղիասին և Հովհաննեսին, որոնցից մեկը քառասուն օր փախստական եղավ Աքաաբի Հեզաբել կնոջից, իսկ մյուսը գլխատվեց Հերովդիայի դստեր կողմից: Ապա առավոտյան սպասավորներն իմանալով` շատ լաց ու կոծով վերցնում են սրբի մարմինը, տանում Սիոն կոչված լեռան վրայի մենաստանը, որն այն ժամանակ ճգնավոր մարդկանցով ծաղկում էր Եգիպտոսի Սինայից ու Սկյութիայից ավելի: Արկազան գյուղի բնակիչները, դեպքի մասին իմանալով, իրենց տանուտերի հետ ընդառաջ են գալիս և սպասավորներին համոզում (հանգուցյալին) ամփոփել այն սենյակում, որը կառուցվել էր քաջ զորավար սուրբ Քրիստափորի անունով: Եվ տանում ու դնում են այն սենյակում: Իսկ աստծու երանյալ Նու ճգնավորը, որը շատ տարիներ բնակվում էր Սիոն սուրբ լեռան վրա և ամբողջ վարքով հրեշտակացել էր, երազում տեսնում է, որ այն առավոտյան երկինքը բացվել էր ու հրեշտակների բազմությունը խմբերով դուրս էր գալիս սուրբ Ստեփանոսի առաջ և փարվելով նրա մաքուր ու արյունաներկ ոգուն` բարձրաձայն գոչում էին. «Բարի և հավատարիմ ծառա, ե´կ, մտի´ր քո տիրոջ ուրախության մեջ»: Եվ այսպես մեծամեծ գովեստներով տարան, հասցրին աստծու ահեղ աթոռին, որի վրա մարմնական տեսքով նստում էր Քրիստոսը` աստծու որդին:
Ապա սուրբը երկրպագելով մոտեցավ Աստծուն ու նրան ցույց տվեց սպիտակ նափորտով փաթաթված արյամբ լի իր գորգը և ասաց. «Քոնն են վրեժխնդրությունը և արդարադատությունը»: Եվ առաքյալներն ու հայրապետները նրան յնպես համբուրելով տարան և դրեցին իրենց կայանը` մինչև հատուցման օրը:
Իսկ տիրասպան կինը ավելի ուշ սգավոր դարձավ, մերկանում և քարեր վերցրած ծեծում էր կուրծքը: Այնքան խփեց, որ արյան առվակ էր հոսում: Մեծ ողբով, դառն աղաղակով ճչում էր ու դատապարտում իր չարագործությունները: Եվ գալով վանքի դիմաց, դեպի արևմուտք` ձորակի այն կողմում հողը փորելով` մինչև ստինքները թաղվեց. ամառ ու ձմեռ տոթակեզ և ցրտահար լինելով` վայում ու ողբում էր գիշեր-ցերեկ, խոստովանում իր մեղքերը: Այդպիսով շարժվում է հայրապետի գութը, որը տիրոջից ներում է խնդրում նրա համար: Մի օր էլ Պատարագի ժամին սրբի տապանից լսվում է ահեղ գոչյուն. «Թող ներվեն քո մեղքերը, ո´վ կին»: Եվ դա լսելով բոլորը մեծ մարդասիրության ու անհիշաչար բարերարության համար փառք էին տալիս և գոհունակություն հայտնում Աստծուն: Իսկ կինը թեև ներում ստացավ, բայց տեղից դուրս չեկավ, այլ, մնալով այնտեղ, վախճանվեց և թաղվեց իր ապաշխարհության փոսի մեջ. ու վանքի դիմաց այդպես էլ մնում է:
1986
Ավանդազրույցներ
Ասացող՝
-
Գրառող՝
Ստեփանոս Օրբելյան
Վայր/ֆոնդ՝
Սյունիքի պատմություն, էջ 147-156: