top of page

ՀԱՅՐ ԳՅՈՒՏ ԵՎ ՔՐԻՍՏՈՍԱՍԵՐ

Գողթան գավառում կար մի բարեպաշտ իշխան` Շաբիթա անունով: Նա ուներ երկու թոռ` իր որդիների որդիները, որոնց անուններն էին Վասակ և Շապուհ: Սատանան նրանց միջև կռիվ ու նախանձ առաջացրեց` իրենց հայրենական ժառանգության բաժնի համար: Եվ կռվեցին Որդվատ գեղեցիկ գյուղի համար: Զորքերով միմյանց դեմ ճակատամարտելիս Վասակը մերձիմահ սրահարեց եղբորը: Ապա զղջալով եղբայրական խղճմտանքով` գնաց նրա մոտ, ընկավ վրան, լաց եղավ սաստկագին` աղիողորմ ողբով հառաչելով, և ուխտեց Աստծուն, որ եթե եղբայրը բուժվի, ինքը կհրաժարվի աշխարհիկ բոլոր բաներից: Եվ եղբայրը բուժվեց: Այն ժամանակ Վասակը իր հոգու ազատության համար անսպասելիորեն մեջտեղից անհետացավ, թաքնվեց ընտանիքից, ելավ ու գնաց Բաղաց կողմերը:

Իսկ Վասակի տնեցիները չգիտենալով, թե նրան ու՞ր հափշտակեց Հոգին, մարդիկ էին ուղարկում Հայաստան, Բյուզանդիա, Պարսկաստան, սաստիկ սգում ու ողբում էին, բայց հետքը չիմացան:

Ապա մի օր էլ, երբ այդ սուրբ հայրը ազատվեց երեկոյան աղոթքից և ուզում էր հանգստանալ, երգ ու պարի ձայներ լսվեցին: Դրանից զայրացած ասաց. «Չկարողացա այնքան փախչել աշխարհից, որ նրա ձայները չլսեի»: Նույն ժամին վեր կացավ, այնտեղից հեռացավ: Եվ ընկնելով դաշտը` հրեշտակի առաջնորդությամբ գնաց մինչև արեգակի ծագելը: Հասնելով Երասխի ափը` մի ձորակ գտավ` մեջը մի մեծ ժայռ, իսկ ներքևում` փոքրիկ մենարան, որտեղ բնակություն հաստատեց տասը տարի: Նրա կերակուրն էին ընդեղենն ու ծառապտուղները, որովհետև երկիրը ամառ ու ձմեռ Եգիպտոսի պես էր: Ապա ըստ այն ասցվածքի, թե. «Ճրագը չի վառվում ու դրվում ծածկոցի տակ»` տերը կամեցավ հայտնի դարձնել իր սուրբ ծառա Գյուտին, որ առաջ Վասակ էր կոչվում: Պարսից արքայի որդին որսի ելավ մերձակա լեռը, որ նայում է Մուղանի դաշտին: Նրա առաջ երևաց մի որսի կենդանի` եղջյուրների մեջ լուսեղեն խաչ: Եվ երիտասարդին զորախմբից Եվստաթեի նման բաժանվելով` եկավ, բերեց մինչև Երասխի եզրը, Քարավազ կոչված տեղը, որը ջուրը երեք մասի է ճեղքում: Խաչը լուսեղեն մարդու կերպարանք առավ ու վազեց գետի մեջ. Երիտասարդը դա տեսնելով` լույսից շլացած աչքերով ընկավ գետն ու երկու ծառաների հետ անցավ: Եղջերուն, (նրանց) առաջնորդելով մինչև ժայռի ստորոտը, այնտեղից աներևութացավ: Այնուհետև վերև նայելով տեսան մի արջ` ահավոր կերպարանքվ նստած, մի թաթը սրբի ձեռքում, որի վերքը բուժում էր (սուրբը): Այն ժամանակ երիտասարդը խիստ վախեցավ: Եվ քանի որ սուրբ հայրը երազում իմացել էր նրա գալը, ձայնեց. «Մի~ վախենա, ե~կ ինձ մոտ»: Իսկ նա ասաց. «Դու ի՞նչ ես»: Պատասխանեց. «Քեզ նման մարդ եմ»: Երիտասարդն ասաց. «Այդ ի՞նչ են քեզ հետ»: Գյուտն ասաց. «Իմ շներն են»: Իսկ նա ասաց. «Դրանց հրամայիր հեռանալ»: Եվ հրամայեց: Ինքը` Գյուտը, վեր կացավ, ժայռից իջավ, քարոզեց Ավետարանը, ուսուցանեց Քրիստոսի հավատը: Երիտասարդը շատ սիրեց և խնդրեց մկրտել իրեն: Եվ սուրբը, Տիրոջից իսկույն հրաման ստանալով, մկրտեց երիտասարդին ու երկու ծառաներին: Երիտասարդի անունը դրեց Քրիստոսասեր: Եվ բազում օրեր ճգնակեցությամբ մնալով Քրիստոսասերն ասում է. «Հա´յր, փափագում եմ եկեղեցուն և նրա լուսավոր կարգ ու կանոնին, ուզում եմ տեսնել: Լավ չէ, որ մենք միայնակ բնակվենք այս ժայռում: Թույլ տուր, որ ես գնամ, արծաթ բերեմ, եկեղեցի կառուցեմ, միաբանություն հիմնեմ, որ կրոնավորներ հավաքվեն»: Եվ թույլ տվեց նրան գնալ: Նա գնաց ու շատ արծաթ բերեց: Արհեստավորներ կանչեցին, եկեղեցի կառուցեցին և հավաքեցին բազմաթիվ կրոնավորների:

1986

Ավանդազրույցներ

Ասացող՝

-

Գրառող՝

Ստեփանոս Օրբելյան

Վայր/ֆոնդ՝

Սյունիքի պատմություն, էջ 113-115

bottom of page