top of page

ԴԱՎԻԹ ԲԵԿ (Բ, Գ)

Բ.

Դավիթ Բեկը պաշարված է եղել Հալիձորի բերդում. պարսից շահը հազար ու մի հնար է մտածել ու չի կարողացել բերդը գրավի: Չորս ձիու քառասուն օր ծարավ է պահել, հետո բաց թողել բերդի կողմերը ման գան. ասել է` որտեղ որ խրխնջան, ոտները գետնին խփեն, քանդեն, ուրեմն իմացեք, որ ջուրն էն տեղից էլ գետնի տակով գնում է բերդի կողմը: Էդպես էլ արել են: Ձիերը երբ որ լսել են գետնի տակից փողրակների միջով վազող ջրի ձենը, խրխնջացել են ու սկսել ոտներով քանդել գետինը: Բաց են արել ձիերի քանդած տեղը, ջարդել թրծած փողրակները, ջուրը կտրել և Դավիթ Բեկի զորքերին ծարավ թողել:

Գ.

Դավիթ Բեկը, որ կռիվ է գնում Օրդուվարի վրա, հաղթելուց հետո հրամայում է, որ իր զինվորները թալանեն բոլոր հարուստ մահմեդականներին: Դե´ թալան է էլի, մի երկու անխիղճ զինվորներ մի խեղճի էլ են թալանում: Տավարը, ոչխարը որ բերում են բեկի առաջը, բեկը նայում է տեսնում, մի լղար կով էլ կա, կեղտոտ քնձռոտած, ասում է`էս կովը հարուսւստի չի, ո՞ր խեղճին էք թալանել, ասացե´ք: Վախից վիզ չեն առնում, Դավիթ Բեկը Դալի Քեշիշին (Տեր-Ավետիս) հրամայում է, որ կովատիրոջը ճարեն: Կովը քաղաքումը ման են ածում, որ տերը հայտնվի: Դուրս է գալիս մի աղքատ թուրք, յոթ երեխայի տեր, անունն էլ` Ալի: Նրան բերում են բեկի կողքը: Դավիթ Բեկը հրամայում է պինդ թակել կովը խլողներին և ասում է. «Ով որ սրանից հետո դիպչի աղքատի ունեցած-չունեցածին, գլուխը կը կտրեմ»: Հետո էլ Ալուն ձի, կով, ոչխար փող-բան է տալիս, թե` գնա, քեզ համար ապրի: Ալին օրհնում է Դավիթ Բեկին և ուրախ-ուրախ հեռանում: Ասում են, թե դրանից հետո Դավիթ բեկի մարդիկը ձեռք չեն տալիս աղքատներին, ուզում է հայ լինի, թուրք, թե` ղզլբաշ:

1946

Ավանդազրույցներ

Ասացող՝

Բախշի Հակոբյան (դամրչի Բախշի)

Գրառող՝

Սերո Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջանի Խանածախ գյուղ

bottom of page